Մենք մեր բոլոր հարևաններին և գործընկերներին ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որում արտացոլված է մեր տեսլականը և պատրաստակամությունը՝ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման առումով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով հարցին, թե Թուրքիայի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ է արդյոք ապաշրջափակման հարցը, և ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիան այդ հարցի վերաբերյալ: «Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է մեր որեւէ հարեւան չողջունի այդ նախագիծը: Թուրքիան, կարծում եմ, պիտի որ դրական վերաբերվի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որովհետև դա օգտակար կլինի բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի համար»,- ասաց Ռուբինյանը: