
Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ աշ-Շարաային, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք վճռական ենք, մենք Ահմեդ ալ-Շարաային միայնակ չենք թողնի Սիրիայում։ Մենք չենք ուզում, որ Սիրիան փլուզվի, մենք Սիրիայի վերականգնումը համարում ենք մեր երկրի համար դրական գործոն։ Որովհետև Սիրիայի վերականգնումը նաև դրական ազդեցություն կունենա մեզ հետ նրա հարաբերությունների վրա», - ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալուն։ «Մենք տեսնում ենք, որ նրանց կամավոր վերադարձը մեր երկրում գտնվող սիրիացիների համար արդեն սկսվել է։ Մենք ամեն տեսակի աջակցություն կցուցաբերենք և կփորձենք արագացնել փախստականների կամավոր վերադարձի գործընթացը»,- նշել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ սիրիացի փախստականների հայրենիք վերադարձը կնպաստի հարևան երկրի կայունությանը։ «Արագացնելով վերադարձի գործընթացը՝ ցանկանում ենք, որ Սիրիայում իրավիճակը արագ նորմալանա և ապահովենք մեր Հարավը»,- հավելել է Էրդողանը։