2075 թվականին Թուրքիայի բնակչության գրեթե մեկ երրորդը կկազմեն 65 տարեկանից բարձր տարեցները։ Թուրքիայի վիճակագրության բյուրոյի (TÜİK) կանխատեսման համաձայն՝ հոռետեսական սցենարով մինչև 22-րդ դարը բնակչության թիվը կկրճատվի ավելի քան մեկուկես անգամ։
Բնակչության աճը պահպանելու համար պահանջվում է յուրաքանչյուր կնոջ համար առնվազն 2,1 երեխա ծնելիության մակարդակ: Սակայն 2014 թվականից սկսած այս ցուցանիշը Թուրքիայում անշեղորեն նվազել է և 2023 թվականին այն իջել է մինչև 1,51։
Հիմնական սցենարով, որը ենթադրում է, որ ներկայիս ժողովրդագրական միտումները շարունակվում են, Թուրքիայի բնակչությունը, որը 2023 թվականին կազմում էր 85,4 միլիոն, մինչև 2050 թվականը կաճի մինչև 93,7 միլիոն։ Դրանից հետո կսկսվի անկումը, և մինչև 2100 թվականը բնակչության թիվը կնվազի մինչև 77 միլիոն մարդ։ Թուրքիայի ավելի քան երեք միլիոն բնակիչներ այժմ սիրիացի միգրանտներ են։
Եթե ծնելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները հաջող լինեն, ապա 2056 թվականին Թուրքիայի բնակչությունը կարող է գերազանցել 100 միլիոնը։ Վատագույն սցենարի դեպքում մինչև 2100 թվականը բնակչությունը կնվազի մինչև 55 միլիոն՝ մինչև 2044 թվականը հասնելով 89 միլիոնի:
Բյուրոն կանխատեսում է, որ 65-ից բարձր մարդկանց մասնաբաժինը կաճի ցանկացած սցենարի դեպքում։ Ըստ հիմնական սցենարի՝ մինչև 2075 թվականը տարեց բնակչության տեսակարար կշիռը կհասնի 31,7%-ի։ Մինչև 2100 թվականը աշխատունակ բնակչության մասնաբաժինը կկազմի մոտ 55 տոկոս՝ 2023 թվականի 69 տոկոսի դիմաց։ Ակնկալվում է նաև, որ 2030-ականների առաջին կիսամյակում տարեցների համամասնությունը կգերազանցի 15%-ը՝ փակելով ժողովրդագրական հնարավորությունների պատուհանը։