Թուրքիան ի պատասխան ԱԳՆ է կանչել Իրանի դեսպան...

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջյու Քեչելին հայտարարել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է գերատեսչություն։

Ըստ Anadolu-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հարցեր, Իրանի որոշ պաշտոնյաների՝ Թուրքիայի դեմ ուղղված մեղադրանքները։

Քեչելին նշել է, որ իրանցի պաշտոնյաները վերջին ժամանակներս ավելի հրապարակավ են արտահայտում իրենց քննադատությունը Թուրքիայի հասցեին։

«Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է օգտագործվեն որպես ներքաղաքական նյութ։ Այս համատեքստում մենք նախընտրում ենք քննադատական ​​ուղերձները մեկ այլ երկրին փոխանցել ուղղակիորեն զրուցակիցների միջոցով։ Մենք այսօր գնացել ենք այս ճանապարհով։ Մենք կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները», - ասել է նա:

Առավոտյան հաղորդվել էր, որ Թուրքիայի դեսպան Հիջաբի Քըրլանգըչ կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով: 

Ֆիդանն Al Jazeera-ին հարցազրույցում Իրանից պահանջել էր փոխել տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ «եթե Իրանը չի ցանկանում, որ մարդիկ քարեր նետեն իր վրա, ինքն էլ պետք է դրանք ուրիշների վրա չնետի»:

Իրանի ԱԳՆ-ի Միջերկրական տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը, դիմելով թուրք դիվանագետին, ընդգծել է.«Հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»։