Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման հուշագիր...

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ստորագրել են փոխըմբռնման ամբողջական հուշագիր Թուրքիային որպես Eurofighter Typhoon կործանիչների օպերատոր ընդունելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ 

Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ հուշագիրը ստորագրվել է Ստամբուլում կայացած 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ:

«Պաշտպանության նախարարներն այսօր համատեղ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս փաստաթուղթը համակարգում է երկրների միջև հարաբերությունները՝ նրանց մեկ քայլով մոտեցնելով Typhoon-ի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի: Երկու նախարարներն էլ ողջունում են ստորագրումը որպես դրական քայլ Թուրքիայի՝ Typhoon ակումբին միանալու ուղղությամբ և կիսում են փոխադարձ ձգտումը՝ հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտ պայմանավորվածությունները», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Կողմերը նաև ընդգծել են երկու երկրի մինչև բազմամյա պաշտպանական համագործակցությունն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի միջոցով, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և անվտանգության հարցերում հարաբերությունների զարգացումը։

«Երկու երկրները շարունակում են գերազանց առաջընթաց գրանցել Eurofighter Typhoon-ի արտահանման գործում։ Թուրքիային որպես Typhoon-ի օպերատոր ընդունելը.... նշանակալի քայլ կլինի Թուրքիայի առաջադեմ մարտական ​​օդային կարողությունների բարելավման ուղղությամբ», - հայտնել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում։

Eurofighter Typhoon չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները ներկայում շահագործվում են Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Կատարի օդային ուժերի կողմից։