Թուրքիան առաջարկում է ԱՄՆ–Իրան–Թուրքիա եռակող...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել, հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը։

Թերթի տվյալներով՝ Էրդողանն առաջարկի մասին հայտարարել է հունվարի 27-ին՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Թուրքիայի առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի միջև գագաթնաժողով անցկացնել, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի միջոցով։

«Ըստ տեղեկությունների՝ Թրամփը դրական է վերաբերվում Էրդողանի առաջարկին», - գրում է հրատարակության լրագրող Հանդե Ֆըրաթը։

«Hurriyet»-ը նաև հաղորդում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններ վարելու համար՝ չնայած որ կոնկրետ ամսաթվեր դեռևս չեն հայտարարվել։

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել հունվարի 28-ին՝ քննարկելով Իրանի շուրջ վերջին զարգացումները և տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը։