Թուրքիա մեկնելու նպատակը «Զանգեզուրի միջանցքի...
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը. Էրդողանի հետ հանդիպման օրակարգում «միջանցքի» հարցն է․
Նիկոլ Փաշինյանն Էրդողանի ու Ալիևի հետ ինտենսիվորեն բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով: Թուրքիա մեկնելու նպատակը «միջանցքի» հարցն ավարտին հասցնելն է: Նա պատրաստ է հանձնել այն՝ դիմացն ակնկալելով իր իշխանավարման 3-րդ ժամկետին աջակցություն: Այդ աջակցությունը Նիկոլը պատկերացնում է, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ, որպեսզի կարողանա հայ ժողովրդին խաբել, թե, իբր, խաղաղություն է բերել:
Ալիևը թղթի դիմաց պահանջում է գործողություններ: Սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում՝ «փախստականների վերադարձ» ծրագրի շրջանակներում: Նիկոլը համաձայն է դրանց, բայց խնդրում է ժամանակ: Ասում է՝ վերարտադրվեմ, գնամ 3-րդ ժամկետի, հետո ամեն ինչ կանեմ: Նրան Ալիևն ու Էրդողանը չեն հավատում, կամ էլ՝ չեն հավատում, որ կարողանալու է խոստացածները անել:
Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի դեմ լկտի, հանցավոր արշավների կազմակերպումով Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին և պատրաստ է Հայաստանի լուծարման ծրագրի իրագործմանը` վա բանկ գնալով: Այսինքն՝ Կաթողիկոսի և հայտնի գործարարի դեմ հարձակումները ոչ միայն ու ոչ այնքան Եկեղեցու և բիզնեսի դեմ են, որքան ՀՀ-ի: Փաշինյանի թուրքականությունն է դրսևորվում այդ քայլով:
Ինչ վերաբերում է նրա բոլշևիզմին, ապա այն արտահայտվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու և այդ հանցագործության անունը ազգայնացում դնելու հարցում:
Ժամանակին բոլշևիկներն էլ էին կուլակաթափություն և էքսպոպրիատորների էքսպոպրիացիա իրականացնում՝ դեմագոգիկ ձևով խոստանալով խլածը բաժանել ժողովրդին, խոստանալով գործարանը տալ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն: Սակայն բերեցին սով և ավերածություններ:
Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական սոուսով:
Ինչպես որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկները հանձնեցին ռուսական շահերը հանուն իրենց իշխանության, այնպես էլ թրքաբոլշևիկ Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած բացահայտորեն ու դավաճանաբար հանձնում է հայկական շահերը` անամոթաբար հայտարարելով, թե 2022֊ի հոկտեմբերի 6֊ին ոչ թե Արցախն է հանձնել, այլ Հայաստանն է անկախացրել։
Նիկոլը «հակաօլիգարխիկ» պայքարի լոզունգի տակ էլ սեփականության վերաձևում է իրականացնում, խլոցի կազմակերպում՝ դառնալով Հայաստանի թիվ մեկ թալանչին:
Հայաստանում թրքաբոլշևիզմն արմատախիլ անելն է, որ հնարավորություն կտա չվերանալ աշխարհի քաղաքական քարտեզից: