Թուրքական ԶԼՄ-ները մանրամասներ են ներկայացրել...

Հայաստանը վտանգավոր հանցագործների է հանձնել Թուրքիային, Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման առաջնորդ Էրջան Յըլմազը և նրա անդամ Իբրահիմ Քայմակը արտահանձնվել են Թուրքիային։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ գործողությունը հնարավոր է դարձել «Հայաստանի իշխանությունների աջակցության» շնորհիվ։

Նշվում է, որ Էրջան Յըլմազը Թուրքիայում 15 տարի հետախուզվում էր ձերբակալության 43 հրամանով, իսկ վերջին 14 տարիներին նա գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Նա կապված է Բարիշ Բոյուն հանցավոր խմբի հետ։

Իբրահիմ Քայմակը 6 տարի հետախուզվում էր ազգային իշխանությունների կողմից 10 հրամանով և մեկ տարի առաջ ավելացվել էր Ինտերպոլի տվյալների բազայում: Երկու ձերբակալվածներն էլ կներկայանան թուրքական դատարան։ Ձերբակալությունն ու արտահանձնումը Թուրքիայի և Հայաստանի իրավապահ մարմինների, Ինտերպոլի, Եվրոպոլի, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության և հետախուզության համատեղ աշխատանքի արդյունք են, հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ն։