
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին, հայկական գորգագործության ժառանգությանը, գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
«Մարտի 10-12-ը կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորեշումները, ինչպես նաև՝ ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ՀՀ վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև` փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։
Մեդիատուրի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։
Ծրագիրն ունեցել է նաև մշակութային բաղադրիչ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հայկական ձեռագրերին, հայկական գորգագործության ժառանգությանը, գինեգործության և կոնյակագործության ավանդույթներին։
Մեդիատուրի արդյունքներին դեռ կանդրադառնանք»,-գրել է նա: