
Հայաստանի ճարտարապետների պալատը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ որոշվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով։
«Արթուր Թարխանյան կենտրոնը» տարածել է հայտարարություն Հայաստանի ճարտարապետների պալատի անունից, որը չի համապատասխանում իրականությանը։
Հակառակը՝ Պալատի խորհրդում քննարկումների արդյունքում կայացվել է սկզբունքային որոշում՝ ձեռնպահ մնալ հարցի հանրայնացումից, համարելով այդ ճանապարհն անարդյունավետ, իսկ մասնագիտական տարակարծությունների քննարկումները շարունակել և, անհրաժեշտության դեպքում, ընդունելի լուծումներ որոնել բացառապես մասնագիտական գործընկերային դաշտում, ներգրավելով բոլոր կողմերին։
Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննարկումները Հայաստանի ճարտարապետների պալատում սկսվել են հանրային մտահոգությունների վերաբերյալ առաջին իսկ ահազանգերից անմիջապես հետո։ Հուշարձանի տարածքում Պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո, Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ Անահիտ Թարխանյանը։
Քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյալ։
Սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, Պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
Հայաստանի ճարտարապետների պալատը մշտապես եղել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պահպանության, վերականգնման և արժանապատիվ վերաբերմունքի հարցերի առաջնագծում։ Մենք համոզված ենք, որ նման կարևորության խնդիրները պետք է կարգավորվեն միայն մասնագիտական համագործակցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հավատ, զգոնություն և խոհեմ մոտեցում՝ հանուն հայ ժողովրդի պատմական այս բացառիկ հուշարձանի ամրակայման և պահպանության։
Պալատը շարունակելու է իր հանձնառությունը՝ մասնագիտական հարցերի վերջնական պարզաբանման և անհրաժեշտ շտկումների իրականացման ուղղությամբ։
Հ․Գ․ Զգոնության կոչով դիմում ենք Պալատի անդամներին՝ որևէ հայտարարության միանալիս օգտվել հեղինակին ճշտելու Ձեր իրավունքից, հիշելով, որ Պալատի անունից հայտարարություն տարածել կարող է միայն Պալատը»,-նշված է հայտարարության մեջ։