Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը:  

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։

Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։ 

Աղբահանության ծառայությունների մատուցման և աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների շահագործման համար  երկու մարզի  համայնքների կողմից հիմնադրվել ու գրանցվել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։