ԹՐԻՓՓ-ի ճանապարհը, որը Հայաստանի համար հաղորդակցային տեսանկյունից հնարավորություններ կստեղծի, չպետք է դառնա գործիք օտարների կողմից Իրանի դեմ օգտագործելու հարցում: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Միջանցքի գաղափարը ենթադրում է ինքնիշխանության հարցում որոշակի զիջումներ, ինչը Հայաստանի ու Իրանի համար ընդունելի չէր»,- նշել է նա:
Հարցին, թե արդյո՞ք սա միջանցք է, թե պարզապես ուղի, Խալիլ Շիրղոլամին կարծում է՝ իրենց ու Հայաստանի Հանրապետության տեսակետներն այս հարցում համընկնում են:
Խոսելով Հայաստանի և Ամերիկայի հարաբերությունների համատեքստում Իրանի ունեցած մտահոգությունների մասին՝ Շիրղոլամին շեշտեց, որ իրենք ԹՐԻՓՓ ուղղության հետ կապված քննարկումներ են ունեցել ՀՀ պաշտոնատար անձանց հետ և մշտապես ընդծել են, որ պետք է շարժվեն երկու երկրների ղեկավարների նախանշած ուղղությամբ:
«Մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագծից, եթե այն կարող է ապահովել Հայաստանի շահերը: Հայաստանի իշխանությունները մեզ մշտապես հավաստիացնում էին, որ ոչ մի պարագայում այս ճանապարհը ռազմական ու անվտանգային իմաստ չեն ստանա ու Հայաստանի ինքնիշխանությունը այս ճանապարհին կպահպանվի: Մենք չենք ցանկանում այս պահին ընկնել այդ գուշակումների մեջ, թե արդյոք Ամերիկան ունի նման պլաններ, թե ոչ: Մեր և Հայաստանի մեջ վստահություն գոյություն ունի»:



