ԹՐԻՓՓ անվանումը ինքնին վիրավորական է, Գարեգին Նժդեհը Սյունիքը չի ազատագրել և չի պահել Հայաստանի համար, որպեսզի այդ ճանապարհը կոչվի որևէ մեկի անունով, դիցուք Ռուսաստանի նախագահի, Միացյալ Նահանգների նախագահի, Իրանի նախագահի, Չինաստանի նախագահի անունով։ Դա իր մեջ վիրավորական տարր է պարունակում Նժդեհի հիշատակի առջև։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18–ին, Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հարավային Կովկաս» ուժերի վերադասավորում» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի նկատմամբ Իրանի դիրքորոշմանը, նա ասաց. «Մեզանում փորձ է կատարվում ներկայացնելու, թե իբր Իրանում կա երկու դիրքորոշում ԹՐԻՓՓ կոչեցյալի վերաբերյալ։ Իրանական կողմում կա մեկ դիրքորոշում, եթե մենք փորձենք այդ դիրքորոշումը ինչ-որ առումով պատկերավոր ձևակերպել, ապա իրանական կողմը հստակորեն հայտարարում է, որ իրենք վստահում են Հայաստանին, բայց իրենք չեն վստահում Միացյալ Նահանգներին։ Իսկ մենք գիտենք, որ գործընթացը երկկողմ է, ավելի ճիշտ ոչ թե երկկողմ է, այլ առյուծի բաժնով կապված է Միացյալ Նահանգների հետ, այդ մասնաբաժինները դրա խոսուն ապացույցն են։
Հետևաբար իրանական կողմի դիվանագիտական ձևակերպումներում նույնիսկ ես չեմ կարծում, թե շատ մեղմություն կա։ Հայտարարվում է, որ անհանգստություններ կան կապված այդ ճանապարհի հետ։
Ես կարծում եմ, որ նույնիսկ Հայաստանում նրանք, որոնք որոշումներ են կայացնում, իրենք էլ լավ չեն պատկերացնում ինչ է լինելու այդ ԹՐԻՓՓ անվանվող ճանապարհը, առավել ևս դրա փաստաթղթային հենքն էլ շատ տարօրինակ ձևակերպումներով է սկսվում, նշվում է, որ փաստաթուղթը չունի իրավական ուժ կողմերի համար։ Այսինքն ըստ էության սահմանվում են ինչ-որ շրջանակներ, հետևաբար իրանական կողմը չի կարող լավ հասկանալ, թե ինչ գործընթացի հետ իրենք կարող են առերեսվել»,–ասաց Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, հայ–իրանական հարաբերությունների համատեքստում անկեղծությունը շատ կարևոր հանգամանք է. «Եթե ներհայաստանյան զարգացումներում կարելի է մանիպուլյացիաներով ինչ-որ խնդիրներ լուծել, այն էլ կարճաժամկետ, ապա միջպետական հարաբերություններում դա ոչ միայն չի աշխատելու, այլ նաև խիստ վտանգավոր է և խիստ ռիսկայնություն ունեցող հանգամանք։ Հետևաբար կարծում եմ իրանական կողմի հետ պետք է խոսել անկեղծ և ներկայացնել անկեղծ իրավիճակը։ Ես կարծում եմ՝ իրավիճակի հեռանկարը հասկանալի չէ նաև այն մարդկանց համար, որոնք պետք է իրականացնեն այդ գործընթացը, համենայնդեպս մեզ որևէ մեկը հասկանալի կերպով չի բացատրում դա։
Բաքվի բռնապետը հստակորեն հայտարարում է, որ այդ ճանապարհը միտված է իրականացնելու երկու գործառույթ. Որևէ խոսք չկա Հայաստանի ապաշրջափակման մասին, խոսվում է բացառապես, այսպես կոչված, մայրցամաքային Ադրբեջան-Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կապի մասին և Ադրբեջան-Թուրքիա մի կողմից դեպի Արևմուտք կապի մասին և Ադրբեջան-Կենտրոնական Ասիա մյուս կողմից դեպի Արևելք կապի մասին: Որևէ խոսք չկա այն մասին, որ այդ երկաթուղագիծը շարունակվելու է դեպի Հայաստան։
Ընդհակառակը, տեղի են ունենում տարբեր, մեղմ ասած, անհասկանալի գործընթացներ, երբ նաև գործընթացի մեջ փորձ է կատարվում ներգրավել Ղազախստանին, ինչը, ըստ էության, ցույց է տալիս, որ մենք գործ ունենք թուրանական աշխարհին Հայաստանի ինկորպորացիայի փորձի հետ, Հայաստանը սերտաճեցնելու այդ աշխարհի հետ, որը չեմ կարծում, թե մեր երազանքն է, եթե չասեմ, մեզ համար հսկայական ռիսկեր է պարունակում»,– ընդգծեց իրանագետը։



