Թրամփը վախենում է, որ Զելենսկին կարող է իր նե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել, որ Վոլոդիմիր Զելենսկին սկզբնական փուլում կարող էր խափանել Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի գագաթնաժողովին մասնակցելու դեպքում։  Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նրանց տվյալներով, ի սկզբանե եվրոպացի պաշտոնյաները փորձել են Ալյասկայի բանակցություններում հասնել Եվրոպայի կամ Կիևի ներկայացուցիչների մասնակցությանը, այդ թվում՝ առաջարկելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի և Զելենսկու թեկնածությունները։ Սակայն օգոստոսի 13-ին Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցից հետո նրանք հրաժարվել են այդ պահանջից, իսկ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել հանդիպմանը Զելենսկու հնարավոր ներկայության հետևանքների վերաբերյալ։

Պաշտոնյաները հայտնել են թերթին, որ Թրամփը համաձայնել է տեղեկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ առաջին հերթին Կիևի ռեժիմի ղեկավարին, այնուհետև՝ եվրոպական առաջնորդներին։

Հղում անելով իր աղբյուրներին՝ NBC News հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ նախագահը Զելենսկուն և դաշնակիցներին հայտնել է, որ ուրբաթ օրը Պուտինի հետ ցանկանում է քննարկել ոչ թե «տարածքների հնարավոր բաժանման» հարցը, այլ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը: