
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանցիներին կոչ է արել տարհանվել Թեհրանից Իսրայելի և Իրանի միջև ընթացող փոխադարձ հարվածների ֆոնին։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Իրանը պետք է ստորագրեր այն «գործարքը», որը ես նրանց ասել էի, որ ստորագրեն։ Շատ ափսոս և մարդկային կյանքերի ինչպիսի անիմաստ կորուստ։ Պարզ ասած՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես նորից ու նորից եմ դա ասել։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից», - գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը, որը Կանադայում մասնակցում էր G7-ի գագաթնաժողովին, Մերձավոր Արևելքում տիրող իրադրության պատճառով հեռացել է այնտեղից նախատեսվածից շուտ՝ հունիսի 16-ին։
Fox News-ի հաղորդավարներից Լորենս Ջոնսը X-ում հայտնել է, որ Թրամփի վաղ վերադարձի պատճառն այն է, որ նա ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների հետ։
Ըստ Reuters գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նույնպես Կանադայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովին է, ասել է, որ Դոնալդ Թրամփը հրադադար է առաջարկել Իրանին և Իսրայելին։
«Առաջարկ է արվել, մասնավորապես՝ հաստատել հրադադար և ավելի լայն քննարկումներ սկսել։ Կարծում եմ՝ սա լավ բան է։ Հիմա մենք պետք է տեսնենք, թե ինչ կանեն շահագրգիռ կողմերը», - հայտարարել է Մակրոնը։
Axios լրատվական հարթակը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ Սպիտակ տունն Իրանի հետ քննարկում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև հնարավոր հանդիպումը։
Իր հերթին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Fox News-ի եթերում ասել է, որ Դոնալդ Թրամփը դեռ փորձում է միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ։ Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի իր շահերը տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են Թեհրանում վաղ առավոտյան լսված պայթյունների և հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։ Հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգերն աշխատել են նաև Նաթանզում, որտեղ գտնվում են կարևոր միջուկային օբյեկտներ։
Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։