Թրամփը Սիրիայի նախագահին հորդորել է կարգավորե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ նրան կոչ է արել լավացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նշվում է, որ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթի խոսքով՝ Թրամփն աշ-Շարաային կոչ է արել ստորագրել Աբրահամի համաձայնագրերը արաբաիսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ (ստորագրվել են 2020 թվականին Իսրայելի և ԱՄԷ-ի, Իսրայելի և Բահրեյնի միջև՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ)։ 

Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ նախագահը Սիրիայի ղեկավարին կոչ է արել բոլոր «օտարերկրյա ահաբեկիչներին» ասել հեռանալ Սիրիայից, մասնավորապես նշելով, որ «պաղեստինցի ահաբեկիչները» պետք է արտաքսվեն։ Բացի այդ, Թրամփը Սիրիայի նոր ղեկավարությանը կոչ է արել օգնել թույլ չտալ «Իսլամական պետություն» խմբավորման վերածնունդը։

Սիրիայի կառավարությունն իր հերթին հայտարարություն է տարածել երկու ղեկավարների հանդիպումից հետո՝ նշելով, որ շեշտը դրվել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման, ահաբեկչության դեմ պայքարում սիրիա-ամերիկյան համագործակցության ուղիների որոնման և «Իսլամական պետության» և այլ դերակատարների ազդեցությունը չեզոքացնելու վրա։

Հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին՝ երկրին առաջընթացի և բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով։

Մայիսի 14-ին Դոնալդ Թրամփը, բացի Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպումից, նաև մասնակցել է Ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների հանդիպմանը։ Նա արդեն Սաուդյան Արաբիայից մեկնել է Կատար, որը մայիսի 13-ից մեկնարկած նրա մերձավորարևելյան շրջագայության երկրորդ կանգառն է։ Այնուհետև ԱՄՆ նախագահը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։