
Երեք գերձայնային B-1B Lancer ռմբակոծիչները 4800 մղոն են հաղթահարել և ժամանել Նորվեգիա՝ եվրոպական դաշնակիցների հետ համատեղ զորավարժանքներ անցկացնելու համար։ Սա 2021 թվականից ի վեր այդ երկրում նրանց առաջին տեղակայումն է։ Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի հաղորդագրության՝ Նորվեգիայում ինքնաթիռների առկայությունը թույլ կտա անձնակազմերին կատարելագործել մարտավարությունը, բարձրացնել մանևրելու ունակությունն ու ամրապնդել կոորդինացումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ համատեղ զորավարժությունների և գործողությունների միջոցով, ինչը կբարձրացնի մարտական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը։ Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հստակեցնում է, որ Նորվեգիայում օդաչուները կմարզվեն հարվածային առաքելություններում՝ մարտականին մոտ պայմաններում, այդ թվում՝ իրական ժամանակում սպառնալիքների դեմ գործողություններում։ Այդ սպառնալիքները կլինեն ինչպես օդային, այնպես էլ ցամաքային։
Տեղակայումը եղել է «Արևմուտք-2025» լայնածավալ ռազմավարական զորավարժությունների մեկնարկից մեկ ամիս առաջ, որոնք Ռուսաստանը համատեղ կանցկացնի Բելառուսի հետ: Արևմտյան (եվրոպական) ռազմական գործողությունների թատերաբեմում վերջին նման զորավարժությունները՝ «Արևմուտք 2021»-ը, ներառել են Հյուսիսային նավատորմի մասնակցությունը՝ 3000 զինծառայողներով Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ սահմանային գոտիներում, ինչպես նաև նավերի և ինքնաթիռների վարժանքներ՝ Բարենցի ծովում Արկտիկական բազաների պաշտպանության համար: 2021 թվականին Էրլանդում B-1B-ի նախորդ տեղակայման ժամանակ՝ ՌԴ Հյուսիսային նավատորմը «Մարշալ Ուստինով» հրթիռային հածանավն ուղարկել է Նորվեգիայի հետ ծովային սահմանի տարածք՝ Վարյաժյան ֆյորդ։
Ինքնաթիռների տեղափոխման մասին հաղորդագորւթյունը հայտնվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Իրավիճակին ծանոթ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Վաշինգտոնն ու Մոսկվան ձգտում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնության հասնել, որը կարող է Ռուսաստանին ամրագրել նրա կողմից ռազմական ներխուժման ընթացքում գրավված տարածքների բռնակցումը։