Թրամփը ռազմական ջոկատ է ուղարկել Վենեսուելայի...

Վերջերս երեք ամերիկյան «USS Gravely», «USS Jason Dunham» և «USS Sampson» հրթիռային կործանիչներ, 4000 նավաստիներ և ծովային հետևակայիններ, «P-8» հետախուզական ինքնաթիռ և հարվածային սուզանավ ուղղություն են վերցրել դեպի Վենեսուելայի ափերը։ Ըստ «Reuters»-ի երկու աղբյուրների, որոնք ծանոթ են իրավիճակին, դրանք կտեղակայվեն առաջիկա օրերին՝ լատինամերիկյան թմրակարտելների կողմից սպառնալիքներին հակազդելու ջանքերի շրջանակներում։ Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բանակն օգտագործել լատինամերիկյան թմրակարտելների դեմ պայքարելու համար, որոնք ճանաչվել են որպես գլոբալ ահաբեկչական կազմակերպություններ։ ԱՄՆ զինվորականները նախատեսում են գործել միջազգային ջրերում և օդում, իրականացնել հետախուզություն և հնարավոր է, նաև կետային հարվածներ հասցնել։

ԱՄՆ-ի վարչակազմի կարծիքով, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջակցում է թմրակարտելներին։ Պետդեպարտամենտը պատրաստ է վճարել մինչև 50 միլիոն դոլար՝ Մադուրոյի ձերբակալմանը նպաստող տեղեկատվության համար։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պեմ Բոնդին նշել է, որ Մադուրոն օգտագործում է «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններ»՝ երկիր մահացու թմրանյութեր ներմուծելու համար։ ԱՄՆ-ը մեղադրում է Վենեսուելայի նախագահին, որ նա աջակցում է «Արևների կարտել» (Cartel de los Soles), «Արագուայի գնացք» (Tren de Aragua) և Սինալոա կարտելների թմրավաճառներին՝ ամերիկացիներին կոկաին և ֆենտանիլ մատակարարելու համար։ Անցյալ ամիս Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել խմբավորումների և Մադուրոյի կառավարության դեմ։ Վաշինգտոնը նաև չի ճանաչում Մադուրոյի երկու ընտրական հաղթանակները։

Երկուշաբթի օրը Մադուրոն քննադատել է Միացյալ Նահանգների կողմից «էքստրավագանտ, տարօրինակ և անհեթեթ սպառնալիքների վերսկսումը»։ Ի պատասխան՝ նա հայտարարել է, որ կսկսի գյուղացիներից և բանվորներից բաղկացած ռազմական աշխարհազոր տեղակայել։ «Այս շաբաթ ես հատուկ ծրագիր կսկսեմ, որի շրջանակում ավելի քան 4.5 միլիոն աշխարհազորայիններ հովանավորություն կապահովվեն ամբողջ երկրի տարածքում։ Սրանք պատրաստված, ակտիվացված և զինված աշխարհազորայիններ են», - պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Մադուրոն։ Մադուրոն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցություն են հայտնել սպառնալիքների «նողկալի երգչախմբի» առջև։ «Հրացաններ և հրթիռներ գյուղացիական ուժերի համար՝ Վենեսուելայի տարածքը, ինքնիշխանությունն ու խաղաղությունը պաշտպանելու համար», - հայտարարել է Մադուրոն։