Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրա...

Ըստ Politico-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, սակայն ոչ ՆԱՏՕ-ի շրջանակներում։

Այս տեղեկությունը հայտնել են երեք աղբյուրներ՝ եվրոպացի դիվանագետ, բրիտանացի պաշտոնյա և մի անձ, ով տեղեկացված է չորեքշաբթի օրը Թրամփի և Եվրոպայի ու Ուկրաինայի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։

Նրանց խոսքերով, հրադադարի համաձայնության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է որոշակի դերակատարություն ունենալ Կիևի հանդեպ ապագա հնարավոր ռուսական ագրեսիան զսպելու և միջոցներ տրամադրելու հարցում։

Սակայն, ինչպես պարզաբանել է զրույցին ծանոթ աղբյուրը, Թրամփն ասել է, որ նման պարտավորություն կստանձնի միայն այն դեպքում, եթե այդ ջանքերը չիրականացվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել անվտանգության երաշխիքների ներքո։ Նա միայն ավելի լայն հայեցակարգ է քննարկել։

Բրիտանացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը գիտակցում է, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները պետք է պատերազմի հարցի վերջնական կարգավորման մաս լինեն։ Ամերիկացի առաջնորդը նաև կարծում է, որ դրանում առանցքային դեր է խաղացել ԱՄՆ-ն։

Պարբերականը շարունակում է գրել, որ անկախ անվտանգության երաշխիքներից՝ Թրամփը հստակեցրել է, որ ԱՄՆ-ն չի շարունակի զենք կամ զորքեր մատակարարել Ուկրաինային, չնայած այն զենք կվաճառի Եվրոպային՝ Ուկրաինայի կողմից օգտագործման համար։

«Մատակարարումները, հավանաբար, սահմանափակ կլինեն և անշուշտ, կհիասթափեցնեն Ուկրաինայի այն կողմնակիցներին, ովքեր ցանկանում են ԱՄՆ-ից ավելի հստակ երաշխիքներ ստանալ՝ Ռուսաստանի մարտական գործողությունների ավարտից հետո կրկին ներխուժումից զերծ պահելու համար», - գրում է Politico-ն։

Սակայն պարզ չէ, արդյոք սա խմբագրականի եզրակացությունն է, թե՞ դա նշվել է աղբյուրների կողմից։