ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է նախ փորձել Իրանի միջուկային ծրագիրը լուծել բանակցությունների կամ սահմանափակ հարվածի միջոցով, նախքան կառավարությունը տապալելու խոշոր գործողության տարբերակին անցնելը, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։
Խորհրդականները բացատրել են, որ վերջնական որոշումներ դեռևս չեն կայացվել, սակայն Թրամփը հակված է առաջիկա օրերին առաջին հարվածը հասցնել, որպեսզի համոզի Իրանի կառավարությանն ընդունել իր պահանջները՝ հրաժարվելու միջուկային զենք ստեղծելու հնարավորություններից։ Թիրախների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանը և բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված միջուկային օբյեկտները։
ԱՄՆ բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները նաև զգուշացրել են, որ Իրանի հետ երկարատև հակամարտությունը կամ այդ երկրի դեմ հնարավոր գործողության համար երկարատև մարտական պատրաստության պահպանումը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ զինված ուժերի վրա։
Մի քանի աղբյուրների համաձայն՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ առաջարկել էր վեճի լուծման տարբերակ, որը նախատեսում է Իրանի կողմից բժշկական կարիքների համար միայն փոքր քանակությամբ միջուկային նյութերի արտադրություն: Սակայն, նշում է NYT-ն, պարզ չէ, թե արդյոք Թրամփը և Թեհրանը կընդունե՞ն այդ առաջարկը։



