Թրամփը մաքսատուրքերի թեմայով խոսել է տարբեր ե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքային քաղաքականությունից տուժած երկրների հետ տուրքերը նվազեցնելու շուրջ ցանկացած համաձայնագիր պետք է հանգեցնի ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի վերացմանը: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ թեման քննարկել է տարբեր երկրների ղեկավարների հետ:

«Ես խոսել եմ բազմաթիվ առաջնորդների հետ՝ եվրոպացի, ասիացի, ամբողջ աշխարհից: Նրանք ձգտում են համաձայնագիր կնքել: Բայց ես ասել եմ, որ մենք դեֆիցիտ չենք ունենա ձեր երկրի հետ: Մենք չենք պատրաստվում դա անել, որովհետև ինձ համար դեֆիցիտը կորուստ է: Մենք կունենանք ավելցուկ կամ վատագույն դեպքում մենք կլինենք անվնասաբերության մակարդակում», - ասել է Թրամփը լրագրողներին: 

Խոսելով ԵՄ երկրների մասին՝ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն «նրանց ապահովում է ռազմական միջոցներով և փողեր է կորցնում առևտրի վրա»։

«Եվրոպան մեր հաշվին կարողություն է դիզել: Գիտեք, Եվրոպան նաև հսկայական հավելուրդ է ունեցել Միացյալ Նահանգների հետ առևտրում, - ասել է նա։ - Մենք բարձր մաքսատուրքեր ենք սահմանել Եվրոպայի համար: Նրանք նստում են բանակցությունների սեղանի շուրջ, նրանք ցանկանում են խոսել, բայց ոչ մի խոսակցություն չի լինի, եթե նրանք մեզ ամեն տարի մեծ գումարներ չվճարեն»:

Նրա խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա շուկայի հետ։

«Սակայն կարող եմ ասել, որ մեր երկիրը շատ ավելի ուժեղ է դարձել, և ժամանակի ընթացքում այն ​​կդառնա մի երկիր, որը նման չէ ոչ մի այլ երկրի: Այն կլինի տնտեսապես ամենագերիշխող երկիրը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։