Վաշինգտոնը սպառնում է նոր պատժամիջոցներով՝ Իր...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ երկիրը կարող է պատժամիջոցների ցուցակներում ներառել օտարերկրյա այն ֆինանսական հաստատությունները, որոնք գործարքներ են կնքում Իրանի հետ առանց որևէ նախազգուշացման: 

«Արտասահմանյան այն ֆինանսական հաստատությունները, որոնք շարունակում են գործարքներ իրականացնել Իրանի ֆինանսական հաստատությունների հետ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված, կարող են ցանկացած պահի ենթարկվել պատժամիջոցների՝ առանց նախնական ծանուցման, և պետք է անհապաղ ձեռնարկեն այդ գործունեության և հարաբերությունների դադարեցման միջոցներ», - նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք օժանդակում են Իսլամական Հանրապետության մուտքը համաշխարհային ֆինանսական համակարգ, այդ թվում՝ ֆինանսական ծառայություններ տրամադրելու միջոցով նրա բանկերին կամ երրորդ երկրներում դրանց դուստր ընկերություններին և մասնաճյուղերին, պատժվելու վտանգի են ենթարկվում Իրանի տնտեսության՝ պատժամիջոցների ներքո գտնվող ոլորտներում գործելու կամ դրանց աջակցելու համար:

«Արտասահմանյան ֆինանսական հաստատությունները կարող են նաև ենթարկվել վարչական և քրեական պատասխանատվության, եթե Իրանի հետ կապված գործարքները հանգեցնեն պատժամիջոցների խախտման ԱՄՆ ֆինանսական հաստատությունների կամ ամերիկացի այլ անձանց կողմից», - հավելել են գերատեսչությունում:

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմից հետո հունիսին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև, սակայն հրադադարը մի քանի անգամ խախտվել է, և ԱՄՆ-ն այժմ ակտիվ ռազմական գործողությունների փոխարեն Իրանի դեմ կիրառում է տնտեսական պատժամիջոցներ։