Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։
ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են։
Մասնավորապես, արձանագրվել է՝
• Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Մասնավորապես՝ Հաստատությունում առկա չէ վերելակ, թեքահարթակները և սանհանգույցները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մուտքերի, ելքերի և առանձին սենյակների դռներն ունեն շեմեր և այլն,
• 2026 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին Հաստատություն տեղավորելու գործընթացը,
• առանձին դեպքերում բացակայել է սննդամթերքի պիտանիության ժամկետի վերաբերյալ մակնշումը, իսկ որոշ դեպքերում արձանագրվել են սննդամթերքի որակական ոչ պատշաճ վիճակի արտաքին հատկանիշներ։
Այցի ավարտին արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Հաստատության տնօրենի հետ։
Հաստատության տնօրինությունը և անձնակազմն այցի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հետևողականորեն շարունակելու և զարգացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են մասնագիտական փորձի փոխանակումը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։



