Թրամփը խաղաղության համաձայնագրերով փորձում է...

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ երկրների միջև խաղաղության համաձայնագրերի կնքմանը աջակցելու միջոցով փորձում է տնտեսական օգուտներ ստանալ Վաշինգտոնի համար։ Այդ մասին հայտնել է Politico թերթը։

«Այդ խաղաղության համաձայնագրերից յուրաքանչյուրը Ամերիկային որոշակի տնտեսական օգուտ է բերել»,- պարբերականը մեջբերում է Սպիտակ տան անանուն ներկայացուցչի խոսքերը։ Թրամփի շրջապատի մարդկանց խոսքով՝ հակամարտող երկրների միջև համաձայնագրերի կնքմանը աջակցելը համապատասխանում է հանրապետական «Ամերիկան առաջինն է» քաղաքականությանը, քանի որ նա ձգտում է խաղաղության համաձայնագրերը կապել առևտրայինի հետ, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի դեպքում։

Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Թրամփին դուր է գալիս խաղաղարարի դերը։ Նա համոզված է, որ կարողանում է կնքել այնպիսի համաձայնագրեր, որոնք նրա նախորդներին չեն հաջողվել և հանդես է գալիս որպես «ուժի և խորաթափանցության» օրինակ՝ անտեսելով այդ համաձայնագրերի իրական արդյունավետությունը։ «Նրան դուր է գալիս հանդես գալ որպես ճակատագիր որոշող՝ աշխարհի ավելի փոքր և թույլ երկրների համար», – նշել է թերթի զրուցակիցը։