Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների ավերածությունների մասշտաբը գերազանցում է միջուկային հարվածի վնասը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրավիճակը շատ ավելի վատ է, քան այն, ինչ տեսնում եք հեռուստատեսությամբ», - ասել է Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այնտեղ ավելի շատ ավերածություններ կան, քան կլինեին միջուկային հարձակման դեպքում»:
ԱՄՆ նորընտիր նախագահը ենթադրել է, որ զոհերի թիվը հետագայում զգալիորեն կաճի:
Հունվարի 7-ին Լոս Անջելեսի օկրուգում սկսվեցին անտառային հրդեհները: Ըստ օդերեւութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառը չոր ու քամոտ եղանակն է եղել։ Հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 12,3 հազար շինություն, այդ թվում՝ հեղինակավոր վայրերում հայտնի մարդկանց ունեցվածքը։ Այրվել են Բայդենի որդու՝ Հանթերի, դերասանուհի եւ մոդել Փերիս Հիլթոնի, դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնի տները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 24 մարդ։