ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը քննադատության է ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը՝ Միշելին, որպես կապիկներ պատկերող տեսանյութ հրապարակելու համար։
Մոտավորապես մեկ րոպե տևողությամբ տեսանյութը Թրամփը հրապարակել է Truth Social սոցիալական հարթակում։ Տեսանյութում պնդվում է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում խարդախության մասին։ Վերջին կադրերում Բարաք և Միշել Օբաման կապիկների տեսքով են, և հնչում է «Առյուծ արքան» մուլտֆիլմից ծանոթ «Առյուծը քնում է այսօր երեկոյան» (The Lion Sleeps Tonight) երգը։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի մամուլի ծառայությունը նախագահի գործողություններն անընդունելի է անվանել և հանրապետականներին կոչ է արել անհապաղ դատապարտելու գրառումը։
Օբամայի նախկին խորհրդական Բեն Ռոդսը նույնպես կոշտ քննադատություն է հնչեցրել։ Ռոդսը հայտարարել է, որ Օբամաները պատմության մեջ կհիշվեն որպես հարգված և սիրված մարդիկ, մինչդեռ այժմյան նախագահը երկրի վրա «բիծ» կմնա։ Ռոդսը Թրամփի կողմնակիցներին ռասիստներ է անվանել։
Ավելի վաղ՝ 2025 թվականի հուլիսին, Թրամփը արհեստական բանականության ստեղծած՝ Բարաք Օբամայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Այդ տեսանյութում ՀԴԲ գործակալները, իբր, ձերբակալել են նախկին նախագահին։ Տեսանյութում երևում են նաև այլ դեմոկրատներ, որոնց թվում՝ Ջո Բայդենը և Նենսի Փելոսին։



