Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի համար «Եր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման մասին։ Նա Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է 60 օրվա ընթացքում ներկայացնել հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգի նախագիծը և տեղակայման ծրագիրը:

Թրամփը կարծում է, որ վերջին 40 տարվա ընթացքում ավելացել է հաջորդ սերնդի ռազմավարական սպառազինության, ներառյալ բալիստիկ, հիպերձայնային և թևավոր հրթիռների կիրառման սպառնալիքը։

«Խաղաղությունն ուժի միջոցով խթանելու համար Միացյալ Նահանգները պետք է պաշտպանի իր քաղաքացիներին՝ տեղակայելով  հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության վահան», - ընդգծել է նա՝ հավելելով, որ համակարգը նաև պետք է պաշտպանի կարևոր ենթակառուցվածքը ցանկացած արտաքին հարձակումից:

Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարել էր ԱՄՆ-ում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին։ Նա խոստացել էր, որ համակարգն ամբողջությամբ լինելու է ամերիկյան արտադրության: