Թրամփը հնգօրյա մասնավոր այցով կմեկնի Շոտլանդի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հնգօրյա մասնավոր այց կատարել դեպի Շոտլանդիա՝ Այրշիրում և Աբերդինշիրում գտնվող գոլֆի իր շքեղ հանգստավայրեր։  Այս մասին հայտնում է շոտլանդական Daily Record  պարբերականը։

Չնայած սա պաշտոնական այց չէ, սակայն նա հուլիսի 28-ին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ 

Պարբերականի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփին Շոտլանդիայում կդիմավորեն բողոքի ցույցերով։ «Կանգնեցրեք Թրամփին» կոալիցիան հաստատել է, որ հուլիսի 26-ի կեսօրին բողոքի ակցիաներ կլինեն Աբերդինում՝ քաղաքի կենտրոնում, և Էդինբուրգում՝ ԱՄՆ հյուպատոսության դիմաց: Ակտիվիստները դուրս կգան փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթն ԱՄՆ նախագահի քաղաքականության նկատմամբ։

Միջոցառումներ են նախատեսված նաև Թրնբերիի և Մենիի շրջակայքում, որտեղ Թրամփը, ինչպես սպասվում է, կբացի նոր գոլֆի դաշտ, որը կկոչվի իր մոր՝ Մերի Էնն ՄաքԼեոդ Թրամփի պատվին, որը ծնվել է շոտլանդական Լյուիս կղզում:

Ենթադրվում է, որ Թրամփը պլանավորում է հանդիպել նաև Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սուինիի հետ: 

Ավելի վաղ Շոտլանդիայի ոստիկանությունից  հայտնել էին, որ իրավապահները «համաչափ» մոտեցում կկիրառեն՝ ապահովելու բողոքի ցույցերի անվտանգ անցկացումը։