ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսականորեն բաց է Իլոն Մասկի՝ TikTok սոցիալական ցանցը գնելու գաղափարին։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ամերիկացի գործարարներից մեկը չինական ByteDance ընկերությունից պետք է գնի TikTok-ը և մասնաբաժինը տա ԱՄՆ կառավարությանը։ Թրամփը ողջունել է զարգացումը։
ԱՄՆ իշխանությունները, այդ թվում՝ Թրամփը, արդեն մի քանի տարի փորձում են արգելել TikTok-ը երկրում, քանի որ այն պատկանում է չինական ընկերության։ Վաշինգտոնն ակնկալում էր, որ ByteDance-ը կվաճառի իր ամերիկյան ստորաբաժանումը ամերիկացի սեփականատերերին, քանի որ իշխանությունները ԱՄՆ-ում TikTok օգտատերերի տվյալների հավաքագրումը համարում են ազգային անվտանգության սպառնալիք: ԱՄՆ-ում TikTok-ն ունի ավելի քան 170 միլիոն օգտատեր։
Հունվարի 19-ին երկրում սոցցանցի գործունեության արգելքը մտավ ուժի մեջ եւ դա կպահպանվի այնքան, քանի դեռ այն պատկանում է չինական ByteDance-ին։ ԱՄՆ-ում որոշ օգտատերեր հավելված մուտք գործելիս ստացել են ծանուցում. «Ներողություն, TikTok-ը ներկայումս անհասանելի է»: Պլատֆորմը հանվել է նաև ԱՄՆ-ի հավելվածների խանութներից։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ հավելվածը կկարողանա շարունակել գործունեությունը երկրում, եթե ԱՄՆ կառավարությանը փոխանցի իր բաժնետոմսերի 50%-ը։ Արգելափակվելուց 12 ժամ անց չինական սոցիալական ցանցը վերսկսել է իր գործունեությունը ԱՄՆ-ում։