
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմը ստուգում է Signal մեսենջերը Եմենին ԱՄՆ ռազմական հարվածների մասին տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո։ Նա նաեւ խոստովանել է, որ հարթակը կարող է թերի լինել։ «Աշխարհի մեծագույն ընկերությունները գալիս են Միացյալ Նահանգներ, իսկ դուք ուզում եք հարցնել, թե արդյոք Signal-ը աշխատում է», - ասել է նա չորեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:«Ես չգիտեմ՝ աշխատո՞ւմ է արդյոք Signal-ը։ Ես կարծում եմ՝ Signal-ը կարող է թերություն ունենալ, եթե ձեզ հետ անկեղծ լինեմ։ Դուք օգտագործում եք Signal, մենք օգտագործում ենք Signal, բոլորն են օգտագործում Signal։ Բայց դա կարող է թերի հարթակ լինել, եւ մենք պետք է պարզենք դա»,- նշել է Թրամփը։ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը երկուշաբթի հոդված է հրապարակել, որտեղ հայտնում է, որ մարտի 11-ին ստացել է Signal ակնթարթային մեսենջերին միանալու հարցում Մայք Ուոլթց մականունով (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության օգնականի անունը) օգտատիրոջից: Երկու օր անց լրագրողը ծանուցում է ստացել, որ իրեն ընդգրկել են «Հութիներ. փոքր խումբ» կոչվող խմբակային չաթում։ Լրագրողի խոսքով՝ այն բաղկացած է եղել 18 հոգուց, այդ թվում՝ Ջեյ Դի Վենս (ԱՄՆ փոխնախագահի անունը) մականունով օգտատիրոջից։