
ԱՄՆ նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում Լիզա Քուքին ուղղված նամակ է հրապարակել, որում նշել է, որ որոշել է անմիջապես հեռացնել նրան բանկի կառավարիչների խորհրդից, քանի որ «հիմնավոր հիմքեր» ունի կարծելու, որ նա կեղծ հայտարարություններ է արել հիփոթեքային վարկեր ստանալիս: Դոնալդ Թրամփը հղում է կատարել սահմանադրական լիազորություններին, որոնք, նրա խոսքով, թույլ են տվել իրեն հեռացնել նրան պաշտոնից:
«Ես եկա այն եզրակացության, որ բավարար հիմքեր կան ձեզ զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար», - գրել է Թրամփը։
Քուքը ի պատասխան հայտարարել է, որ Թրամփը իրեն աշխատանքից ազատելու լիազորություններ չունի և ինքը հրաժարական չի տա, հաղորդում է BBC-ն։ «Նախագահ Թրամփը իբր ինձ աշխատանքից ազատել է «հարգելի պատճառով», թեև օրենքով նման հիմքեր գոյություն չունեն և նա դրա լիազորությունը չունի», - հայտարարել է Քուքը։
«Ես հրաժարական չեմ տա։ Ես կշարունակեմ կատարել իմ պարտականությունները՝ աջակցելով ամերիկյան տնտեսությանը, ինչպես արել եմ 2022 թվականից ի վեր», - հավելել է նա։
Դաշնային պահուստային համակարգը դեռևս չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։
Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահը մեծացրել է ճնշումը Դաշնային պահուստային համակարգի, հատկապես նրա ղեկավար Ջերոմ Փաուելի վրա, քանի որ կենտրոնական բանկը չի ցանկանում նվազեցնել տոկոսադրույքները: Նա բազմիցս բարձրացրել է Փաուելի պաշտոնանկության հարցը։
Դաշնային պահուստային համակարգը 2024 թվականի դեկտեմբերից ի վեր պահպանել է տոկոսադրույքը 4.25-4.5% մակարդակի վրա։
ԱՄՆ կենտրոնական բանկի 111-ամյա պատմության մեջ աննախադեպ է համարվում Քուքին աշխատանքից ազատելու որոշումը։ Նա Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի յոթ անդամներից մեկն է և առաջին աֆրոամերիկացի կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։