Թրամփը հատուկ ընդունելություն է կազմակերպել Ս...

ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգում են առևտրային հրադադարը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Վաշինգտոն՝ եռօրյա պետական այցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը նրան և կնոջը՝ Պեն Լիյուանին, անձամբ դիմավորել են Էնդրյուսի ռազմաբազայում։ ԱՄՆ նախագահի կողմից օտարերկրյա ղեկավարին օդանավակայանում անձամբ դիմավորելը հազվադեպ քայլ է։ Այս մասին փոխանցում է Local10 News-ը։

Սի Ծինփինի համար կազմակերպվել է հանդիսավոր արարողություն՝ կարմիր գորգով, պատվո պահակախմբով և B-1 ռմբակոծիչների թռիչքով։

Այցի մեկնարկին արդեն հայտնի է դարձել առաջին պայմանավորվածության մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնն ու Պեկինը պայմանավորվել են առևտրային հրադադարը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 10-ը։ Գործող պայմանավորվածության ժամկետը պետք է ավարտվեր նոյեմբերին։ Թրամփի և Սի Ծինփինի հիմնական բանակցությունները նախատեսված են Սպիտակ տանը։ Օրակարգի առանցքային հարցերից են առևտուրը, մաքսատուրքերը, արհեստական բանականության ոլորտում մրցակցությունը, հազվագյուտ մետաղների արտահանումը, Թայվանը և Իրանի հարցը։ Ամերիկյան կողմը նաև ակնկալում է քննարկել ոչ ռազմավարական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի հնարավոր նվազեցումը և Չինաստանից ֆենտանիլի արտադրության համար օգտագործվող քիմիական նյութերի արտահանման սահմանափակումը։ Սի Ծինփինի այցը ԱՄՆ մայրաքաղաք Չինաստանի ղեկավարի առաջին պետական այցն է Վաշինգտոն ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։