ԱՄՆ ֆինանսների եւ առեւտրի նախարարները պետք է 90 օրվա ընթացքում վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփին ներկայացնեն երկրում բարեկեցության ինքնիշխան հիմնադրամ ստեղծելու ծրագիր։ Այս մասին նշվել է Թրամփի հրամանագրում, որը երկուշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ինչպես վկայում է փաստաթուղթը, ֆինանսների եւ առեւտրի նախարարներ Սքոթ Բեսենթին եւ Հովարդ Լատնիկին հանձնարարվել է մշակել հիմնադրամի ստեղծման ծրագիր, որը կներառի «առաջարկություններ ֆինանսավորման մեխանիզմների, ներդրումային ռազմավարության, ֆոնդի կառուցվածքի եւ կառավարման մոդելի վերաբերյալ»: Երկու գերատեսչությունների ղեկավարները պետք է «միասին նախագահին ներկայացնեն այդ ծրագիրը հրամանագրի հրապարակման օրվանից սկսած 90 օրվա ընթացքում»։
Բացի այդ, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է ուսումնասիրել հիմնադրամի ստեղծման իրավաբանական հիմքերը, այդ թվում՝ որոշակի օրենքների ընդունման հնարավոր անհրաժեշտությունը։ Հրամանագրում ընդգծվում է, որ հիմնադրամի ստեղծմամբ Թրամփի վարչակազմը հույս ունի «հասնել հարկաբյուջետային կայունության, թեթեւացնել ամերիկյան ընտանիքների եւ փոքր բիզնեսի հարկային բեռը եւ ապահովել ապագա սերունդների տնտեսական անվտանգությունը»:
Երկուշաբթի Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ինքնիշխան հիմնադրամը, ի թիվս այլ բաների, կարող է օգտագործվել որպես TikTok կարճ տեսանյութերի ստեղծման եւ դիտման ծառայության բաժնետոմս ձեռք բերելու գործարքի մաս: «Մենք կարող ենք ինչ-որ բան անել TikTok-ի հետ, գուցե ոչ: Մենք, գուցե, դա կանենք, եթե կարողանանք լավ գործարք կնքել, հակառակ դեպքում՝ ոչ»,- ասել է Թրամփը։ «Մենք կարող ենք այս նպատակով օգտագործել բարեկեցության ինքնիշխան հիմնադրամը, կամ գուցե հարուստների հետ գործընկերության մեջ մտնենք, շատ տարբերակներ ունենք»,- շարունակել է նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը կարող է օգտագործվել նաեւ այլ նպատակներով։