Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»: Այս մասին գրում է CNN-ը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում գործակալության ապագայի շուրջ տարբեր շահարկումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ դրա ֆինանսավորումը սառեցվել է, տասնյակ աշխատակիցներ արձակուրդ են ուղարկվել:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ-ի հարցերին, ես մանրամասն ներկայացրել եմ (նախագահին), և նա համաձայնեց, որ մենք պետք է փակենք այն», - ասել է Մասկը երկուշաբթի վաղ առավոտյան X Spaces-ի հետ զրույցում:
Մասկի խոսքով՝ ինքը «մի քանի անգամ» ճշտել է հարցը Թրամփի հետ, և վերջինս հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր դոլարների մարդասիրական օգնություն է հատկանցնում և զարգացման ֆինանսավորում տրամադրում: CNN-ը դիմել է Սպիտակ տանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեկնաբանությունների համար:
Կիրակի երեկոյան, նախքան Մասկի հայտարարությունը, երբ Թրամփին հարցրել են ԱՄՆ ՄԶԳ-ի ապագայի վերաբերյալ խնդրեցին, նա լրագրողներին ասել էր.«Այն ղեկավարվում է մի խումբ արմատական խելագարների կողմից, և մենք նրանց դուրս ենք հանում, իսկ հետո որոշում կկայացնենք դրա ապագայի վերաբերյալ»:
USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության, սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Այն նաև նպաստում է ժողովրդավարության կայացմանն ու զարգացմանը՝ աջակցելով ոչ կառավարական կազմակերպություններին, անկախ լրատվամիջոցներին և սոցիալական նախաձեռնություններին:Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ: