Թրամփը գոռացել է Նեթանյահուի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոռացել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամին և սովամահ երեխաներին նվիրված հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարության ղեկավարը ամերիկացի առաջնորդին ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովը, իբր, իրական չէ, և որ դրա մասին հաղորդագրությունները հորինված են Համասի կողմից։

«Թրամփը ընդհատել է Նեթանյահուին և սկսել գոռալ՝ ասելով, որ չի ուզում լսել, որ սովը կեղծ է, և որ իր օգնականները նրան ապացույցներ են ցույց տվել», - ասվում է հրատարակության մեջ։

Թրամփը նաև ասել է, որ տեսել է Գազայում երեխաների լուսանկարներ, որոնք «շատ քաղցած տեսք ունեն», որ այնտեղ «իրական սով» կա, և որ «անհնար է այն կեղծել»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի կաբինետը հաստատել է Նեթանյահուի որոշումը՝ օկուպացնել Գազան։ N12-ը նույնպես հաղորդել է անկլավը օկուպացնելու ծրագրերի մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմական գործողություններ կիրականացվեն, այդ թվում՝ այն տարածքներում, որտեղ Համասի շարժումը իսրայելցի պատանդներ է պահում։