
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանց կոչ է արել դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը: Այդ մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի։
«Նախագահ Թրամփն ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք հովանավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը տարեկան 1,1 տրիլիոն եվրո է ստանում Եվրոպային նավթի վաճառքից», - հրատարակությանը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Նախագահը նշել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա Ռուսաստանի ռազմական ջանքերը հովանավորելու համար», - հավելել է աղբյուրը։
Սեպտեմբերի 4-ին ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Թրամփի խորհրդականները կքննարկեն Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցները։