
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իսրայելի և Իրանի միջև սրվող պատերազմը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։
Նեթանյահուն հունիսի 17-ին հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության սկսվելուց ի վեր գրեթե ամեն օր խոսել է Թրամփի հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան պաշտոնյան ևս հաստատել է, որ Թրամփը հունիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Հեռախոսազրույցի մանրամասները, սակայն, չեն հաղորդվում։
Տեղեկություններ կան այն մասին, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո։ Ենթադրվում է, որ այս նիստում ևս քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։
Հանդիպումից առաջ ԱՄՆ երեք պաշտոնյաներ Axios-ին հայտնել են, որ Թրամփը լրջորեն դիտարկում է Իսրայել-Իրան հակամարտությանը միանալու և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին, մասնավորապես՝ Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին հարված հասցնելու հնարավորությունը։
Մինչ այժմ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին պաշտպանվել հրթիռներից, բայց հրաժարվել է մասնակցել հարձակողական գործողություններին։
Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։