ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ առևտրային գործարքի շուրջ եկել է համաձայնության, ըստ որի ԱՄՆ-ն Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
Թրամփը հայտնել է, որ Մոդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ, այդ թվում՝ առևտուրը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։
«Նա համաձայնեց դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից և, հնարավոր է, Վենեսուելայից։ Սա կօգնի վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, որն այս պահին ընթանում է ու շաբաթական հազարավոր մարդկանց կյանքեր խլում», - գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իրենք Մոդիի հետ համաձայնության են եկել ԱՄՆ-Հնդկաստան առևտրային գործարքի շուրջ, ըստ որի ԱՄՆ-ն «կգանձի ավելի ցածր փոխադարձ մաքսատուրք՝ այն 25%-ից նվազեցնելով 18%-ի»։
«Նրանք նույնպես կնվազեցնեն իրենց մաքսատուրքերը և ոչ սակագնային արգելքները Միացյալ Նահանգների նկատմամբ՝ դրանք հասցնելով զրոյի: Վարչապետը նաև հանձն է առել «գնել ամերիկյան» (խմբ.՝ ապրանքներ) շատ ավելի մեծ քանակությամբ՝ ի լրումն ավելի քան 500 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան էներգետիկ, տեխնոլոգիական, գյուղատնտեսական, ածխային և շատ այլ ապրանքների», - հավելել է Թրամփը։
Մոդին իր հերթին X սոցիալական հարթակում հայտարարել է, որ շատ ուրախ է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։
«Մեծ շնորհակալություն նախագահ Թրամփին Հնդկաստանի 1,4 միլիարդ ժողովրդի կողմից այս հրաշալի հայտարարության կապակցությամբ։ Երբ երկու խոշոր տնտեսություններ և աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունները համագործակցում են, դա օգուտ է բերում մեր ժողովուրդներին և բացում է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ», - նշել է Մոդին։
Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն օգոստոսին Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանեց 50% մաքսատուրք, այդ թվում՝ 25% պատժիչ մաքսատուրք Հնդկաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար։
Սպիտակ տան պաշտոնյան BBC-ին հաստատել է, որ որպես ձեռք բերված համաձայնության մաս՝ ռուսական նավթի գնումների հետ կապված մաքսատուրքերը կչեղարկվեն, իսկ մյուս մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 18%:
Այս համաձայնության ձեռք բերումից օրեր առաջ Հնդկաստանը և Եվրոպական միությունը հայտարարել էին ազատ առևտրի շուրջ համաձայնագիր կնքելու մասին՝ գրեթե 20 տարվա բանակցություններից հետո։



