Թրամփը դեռ շատ անելիք ունի հայ-ադրբեջանական հ...

Վերջին շաբաթներին Թրամփը խաղաղության քարոզարշավ է սկսել։ Նա ոչ միայն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի շարժիչ ուժն է, այլև գտնվում է Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև գրեթե չորս տասնամյակ տևող հակամարտության կարգավորման ջանքերի կենտրոնում։ Երկու դեպքում էլ հաջողությունը հեռու է հստակությունից, գրում է Eurasianet-ը։

Ինչպես նշվում է, Ռուսաստանը լուրջ խոչընդոտ է դարձել Կովկասում Թրամփի սկզբնական խաղաղության ծրագրի համար, որի առանցքային տարրը TRIPP տարանցիկ միջանցքի ստեղծումն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով իր Նախիջևանի էքսկլավի հետ կապելու համար։ Այդ միջանցքի կառավարումը պետք է գտնվի ամերիկյան կառույցների ձեռքում։

Միջանցքի գործառնական մանրամասները դեռևս պետք է մշակվեն։ Կրեմլն ու Իրանը կասկածանքով են վերաբերվում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող միջանցքի գաղափարին։ Շատ ռուս փորձագետներ TRIPP-ը Մոսկվայի համար պոտենցիալ աշխարհաքաղաքական աղետ են համարում։ Քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը կանխատեսել է, որ ի վերջո Հայաստանում կստեղծվի ամերիկյան ռազմաբազա և որ Երևանը կփակի այնտեղ գտնվող ռուսական բազան։ «Ռուսաստանի սահմանների մոտ հայտնվում է հզոր ամերիկա-թուրքական կամուրջ։ Սա ծայրահեղ անբարենպաստ սցենար է»,- նշել է Բաղդասարովը։

Նա նախազգուշացրել է, որ TRIPP-ը կարող է Հայաստանում Ուկրաինայում տեղի ունեցածից ավելի վատ ռազմական բախման սկիզբ դառնալ։ Միևնույն ժամանակ, ռուս ազգայնական գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը Թրամփի խաղաղության նախաձեռնությունն անվանել է «նվաստացում» և սպառնալիք ռուսական ազգային ինքնության գոյության համար։ «Այդ ցավը, այդ վիրավորանքը պետք է ընկալվի որպես ապտակ մեզնից յուրաքանչյուրին, յուրաքանչյուր ռուս մարդու», - հայտարարել է Դուգինը՝ մեկնաբանելով օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի կողմից Թրամփի ներկայությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը։

Սպիտակ տանը ստորագրման արարողությունից հետո Հայաստանի դիվանագիտական կառույցները քարոզարշավ են սկսել՝ ռուս և իրանցի պաշտոնյաներին հանգստացնելու համար՝ հասնելով խառը արդյունքների։ Ռուսաստանը շարունակում է զգուշություն ցուցաբերել, բայց, կարծես, Երևանին հաջողվել է փարատել իրանական մտահոգությունների մի մասը։ TRIPP-ի վերաբերյալ Իրանի հիմնական մտահոգությունները կապված են այն բանի հետ, որ այն կարող է խաթարել Թեհրանի համար կարևոր և շահավետ «Հյուսիս-Հարավ» առևտրային երթուղին, ինչպես նաև միջանցքը ԱՄՆ-ի կողմից ռազմական նպատակներով օգտագործելու հնարավորությունը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը օգոստոսի 18-ին այցելել է Երևան՝ TRIPP-ի (Տրանզիտային միջանցք) շուրջ բանակցությունների համար։ Մինչ ուղևորությունը, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախագահի այցն անվանել է «փոխադարձ հարաբերություններում նոր հորիզոններ բացելու մեր ընդհանուր հանձնառության հաստատում»։

Իրանցի պաշտոնյաներն ավելի վստահ են զգում, որ առկա առևտրային սխեմաները չեն խախտվի, սակայն Թեհրանը դեռևս զգուշություն է ցուցաբերում տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության սպասվող աճի հետ կապված։ Օգոստոսի 15-ին Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը «հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական կայունությանը և իր ազգային շահերի պաշտպանությանը», ինչը ենթադրում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցությունը կհասնի նվազագույնի։

Իրանցի և ռուս պաշտոնյաները բանակցություններ են վարել TRIPP-ի շուրջ իրենց դիրքորոշումները համաձայնեցնելու համար, սակայն անորոշ արդյունքներով, քանի որ յուրաքանչյուր երկիր դեռևս ձևավորում է իր սեփական գիծը։ Հաշվի առնելով, որ Թրամփի անունը կապված է խաղաղության ծրագրի հիմնական տարրի հետ, նա, հավանաբանաբար, կշարունակի սերտորեն ներգրավված մնալ գործընթացում և հաղթահարել Ռուսաստանի ու Իրանի կողմից ցանկացած հնարավոր ընդդիմություն։