Թրամփը չի բացառել Պուտինի վրա ճնշումը՝ Ուկրաի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ» նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններից, չորեքշաբթի՝ հունվարի 22-ին, հաղորդել է dpa գործակալությունը։

Սպիտակ տան ղեկավարը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ «երբ նրանք դա ցանկանան»։ Բացի այդ, Թրամփը կրկին կասկածի տակ է դրել ուկրաինական պատերազմի զոհերի պաշտոնական թիվը։ Նրա խոսքով՝ պատերազմն արդեն խլել է «միլիոնավոր մարդկանց կյանքեր»։ ԱՄՆ  նախագահի գնահատմամբ՝ Մոսկվայի կորուստները կազմում են մոտ 800 հազար մարդ, իսկ Կիևինը` 600-ից մինչև 700 հազար։

Թրամփը նաև կրկին քննադատել է այն փաստը, որ ԱՄՆ-ն անհամաչափ մեծ ֆինանսական բեռ է կրում Ուկրաինային օգնության հարցում՝ համեմատած ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ և կոչ է արել դաշինքի գործընկերներին պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսը:

Ավելի վաղ ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալը կլինի ԱՄՆ-ի «պաշտոնական քաղաքականությունը» Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։

Պետքարտուղարի խոսքով՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ապահովել երկարաժամանակ կայուն խաղաղություն։