Թրամփը ցանկանում է պահպանել միջուկային զենքի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շահագրգռված է միջուկային զենքի սահմանափակումների պահպանմամբ և զենքի վերահսկման վերաբերյալ բանակցություններում Չինաստանի ներգրավմամբ՝ հաղորդել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։

«Նախագահ Թրամփը բազմիցս խոսել է աշխարհին  միջուկային զենքի սպառնացող վտանգի մասին և նշել, որ կցանկանար պահպանել դրա սահմանափակումներն ու Չինաստանին ներգրավել զենքի վերահսկման վերաբերյալ բանակցություններում»,- ասել է Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյան։

Անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հիշեցրել էր, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Նա հայտարարել է, որ այդ ժամկետը լրանալուց հետո ևս մեկ տարի Ռուսաստանը պատրաստ է պահպանել պայմանագրով նախատեսված քանակական սահմանափակումները՝ ռազմավարական սպառազինությունների հետագա մրցավազքից խուսափելու և կանխատեսելիության ու զսպվածության ընդունելի մակարդակ ապահովելու համար։

Այնուամենայնիվ, Պուտինը նշել է, որ այդ միջոցառումը կենսունակ կլինի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը նույն կերպ գործի։