ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հասկացնել է տվել, որ ցանկանում է ուժի մեջ թողնել աշխարհում միջուկային սպառազինությունների զարգացման սահմանափակումները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն աշխատակցին:
«Նախագահ Թրամփը բազմիցս խոսել է միջուկային զենքի՝ աշխարհին սպառնացող վտանգի թեմայով և նշել, որ կցանկանար պահպանել միջուկային սպառազինությունների սահմանափակումները՝ Չինաստանին նույնպես ներգրավելով սպառազինությունների վերահսկման շուրջ քննարկումների մեջ»,- հայտարարել է պարբերականի զրուցակիցը:
Անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հիշեցրել էր, որ ՌՀՍ (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների) պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2026 թվականի փետրվարի 5-ին: Այս կապակցությամբ նա հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ «ևս մեկ տարի շարունակել հավատարիմ մնալ ՌՀՍ պայմանագրով նախատեսված կենտրոնական քանակական սահմանափակումներին», որպեսզի թույլ չտա ռազմավարական սպառազինությունների հետագա մրցավազքը և ապահովի կանխատեսելիության ու զսպվածության ընդունելի մակարդակը։
Պուտինն ընդգծել է, որ «այս միջոցը կենսունակ կդառնա միայն այն պայմանով, որ ԱՄՆ-ն գործի համանման կերպով և քայլեր չձեռնարկի, որոնք կխաթարեն կամ կխախտեն զսպման պոտենցիալների գոյություն ունեցող հարաբերակցությունը»։
Դեկտեմբերին ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս պատասխան չի տվել ՌՀՍ (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների) պայմանագրի սահմանափակումներին ևս մեկ տարի հավատարիմ մնալու Ռուսաստանի նախաձեռնությանը։
2026 թվականի հունվարի սկզբին Թրամփն ասել է, որ եթե ՌՀՍ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվի, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ավելի հաջող պայմանագիր կկնքի։ Նա կարծիք է հայտնել, որ նոր համաձայնագրին պետք է մասնակցի նաև Չինաստանը։ «Հնարավոր է՝ ցանկություն առաջանա ներգրավել նաև մի քանի այլ խաղացողների»,- նշել է Ամերիկայի նախագահը։



