ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է նրան, որ ցանկանում է հասնել խաղաղության հաստատմանը որքան հնարավոր է շուտ, հայտնում է Axios-ը պորտալը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյային և զրույցին տեղյակ երկու աղբյուրներին։
«Զելենսկին ասել է, թե հույս ունի, որ պատերազմըr կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմն արդեն չափազանց երկար է տևում, և ցանկություն է հայտնել, որ այն ավարտվի մեկ ամսից»,- հայտնել է աղբյուրներից մեկը։
Ուկրաինացի պաշտոնյան նաև պատմել է, որ Թրամփը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից անվտանգության զգալի երաշխիքներ տրամադրելու հարցում՝ Ռուսաստանի հետ պոտենցիալ խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
Զելենսկու և Թրամփի հեռախոսազրույցին մասնակցել են նաև հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Զելենսկին պատմել է, որ նրանք քննարկել են հարցեր, որոնց շուրջ իրենց ներկայացուցիչները կաշխատեն Ժնևում փետրվարի 26-ին կայանալիք երկկողմ հանդիպմանը, ինչպես նաև նախապատրաստությունը բանակցային թիմերի հաջորդ հանդիպմանը՝ ամբողջական կազմով, եռակողմ ձևաչափով՝ մարտի սկզբին։



