Թրամփը ցանկանում է էլ ավելի խստացնել վիզաների...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վիզաներ տրամադրելիս նախատեսում է ստուգել լրագրողների սոցիալական ցանցերի օգտահաշիվները։ Ինչպես հայտնել է The Daily Signal պորտալը՝ հղում կատարելով կառավարության ներքին փաստաթղթերին, վիզայի դիմորդների որոշ կատեգորիաներ, այդ թվում՝ օտարերկրյա լրագրողները, պետք է իրենց Instagram, Facebook և X պրոֆիլները դարձնեն բոլորին հասանելի, այսինքն՝ «մասնավոր» հաշիվները փոխեն «բաց» հաշիվների։

Այս ծրագրերի պաշտոնական հաստատում առայժմ չկա։ Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X-ում տեղադրել է The Daily Signal-ի հաղորդագրությունը, թեև՝ առանց ուղիղ հաստատման։ ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես առայժմ մանրամասներ չի բացահայտել։

Հարցմանն ի պատասխան՝ նրա ներկայացուցիչը հայտնել է. «Խոսքն այն մասին է, որ դիմորդները ԱՄՆ օրենսդրության համաձայն ապացուցեն վիզա ստանալու իրենց իրավունքը, և որ ապահովվի, որ ոչ մի անձ վտանգ չներկայացնի Միացյալ Նահանգների անվտանգության համար»։

Արդեն այսօր ԱՄՆ վիզաների որոշ կատեգորիաների դիմորդները, օրինակ՝ ուսանողական վիզաների համար, պարտավոր են բացահայտել իրենց առցանց օգտահաշիվները։ Այսպիսով, այժմ այս պրակտիկան կարող է տարածվել նաև այլ կատեգորիաների վրա, փոխանցել է Bild-ը։

Անցյալ ամիս Թրամփի վարչակազմը նաև հայտնել էր, որ կսահմանափակի օտարերկրյա լրագրողների և ուսանողների գտնվելու տևողությունը։ Ուսանողական վիզաները կտրվեն առավելագույնը չորս տարի ժամկետով, իսկ օտարերկրյա լրագրողների համար վիզաները՝ առավելագույնը 240 օրով (երկարաձգման դիմում ներկայացնելու հնարավորությամբ)։

Զբոսաշրջիկների համար նույնպես շուտով կարող են ավելի խիստ կանոններ սահմանվել։ Ըստ ԱՄՆ կառավարության ծրագրերի, որոնց մասին հայտնի էր դարձել այս տարվա սկզբին, նրանց ևս կարող են պարտավորեցնել բացահայտել սոցիալական ցանցերից օգտվելու վերաբերյալ տեղեկությունները։