Սեպտեմբերի 10-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները նաև կանխել են վիճաբանության մասնակիցների միջև ծեծկռտուքի հետագա զարգացումը, որը հնարավոր է ավելի վատ հետևանքներ ունենար, քանի որ մասնակիցներից մի քանիսը եղել են ոչ սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի 6-րդ սրահի հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 49-ամյա Արմենակ Հ.-ն, 40-ամյա Սևան Խ.-ն, 38-ամյա Գոռ Հ.-ն, 39-ամյա Ալբերտ Ն.-ն, 40-ամյա Ռաֆայել Հ.-ն, 50-ամյա Արարատ Լ.-ն, 37-ամյա Գոռ Խ.-ն ռեստորանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ վիճաբանել են նույն ռեստորանի մյուս հաճախորդների հետ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որը հետո վերածվել է փոխադարձ հարվածների, ինչի պատճառով խաթարվել է նաև ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց մեծ մասին համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։ Բաժին են հրավիրվել նաև նշված ռեստորանի մի քանի աշխատակիցներ, ովքեր կատարվածի մասին բանավոր հաղորդումներ են ներկայացրել։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Գոռ Հ․-ն, Գոռ Խ․-ն, Սևան Խ․-ն և Ռաֆայել Հ․-ն դատարանի որոշմամբ վերցվել են տնային կալանքի, քանի որ նրանց կալանքի որոշման համար քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայր։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։



