Թրամփն իր բանագնացին կարգադրել է 100 օրվա ընթ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին կարգադրել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության ավարտին. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է Wall Street Journal-ը։

«Նախագահ Թրամփը Քիթ Քելլոգին հանձնարարել է Ուկրաինայում պատերազմը հարյուր օրվա ընթացքում ավարտելու գործը»,- գրում է հրատարակությունը։

Այնուամենայնիվ, հոդվածում նշվում է, որ «գործնականում ոչ ոք» չի կարծում, որ նա կարող է դա անել։ Նշվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացը։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար:

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Կարծում եմ` Ռուսաստանը մեծ խնդիրներ է ունենալու: Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ նա (Պուտինը-Խմբ.) ավարտի այս պատերազմը», - ասել էր Թրամփը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ Թրամփը հույս էր հայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղության համաձայնագրի կողմնակից է։ Նա կրկնել է, որ մոտ ապագայում կարող է խոսել Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Թրամփը նաև հավելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ բանակցություններ կազմակերպվելուն պես, որոնց նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ նրա, արդեն ընթանում են։

«Պուտինի հետ շատ լավ էի լեզու գտնում: Հուսով եմ, որ նա ցանկանում է գործարք կնքել», - ասել էր Թրամփը հնարավոր հանդիպման մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Թրամփի, հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ պաշտոնը ստանձնելուց հետո «24 ժամվա ընթացքում»։