Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալիորեն ընդլայնել է այն ծրագիրը, համաձայն որի որոշ երկրների քաղաքացիներ պետք է 5,000-ից մինչև 15,000 դոլար դրամական գրավ մուծեն ԱՄՆ-ի B1/B2 կարգի (զբոսաշրջային և գործնական) վիզաների համար դիմելիս։ Այս մասին հայտնում է Fox News-ը:
Այս միջոցը չի երաշխավորում վիզայի հաստատումը, սակայն գրավը կարող է վերադարձվել, եթե դիմողին մերժում են, կամ եթե նա պահպանում է վիզայի պայմանները և ժամանակին լքում է ԱՄՆ-ը։ Նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն 2026 թվականի հունվարի 21-ից։
Այս քաղաքականությունը, որը նախատեսված է վիզայի ժամկետների խախտման դեպքերը նվազեցնելու և մուտքի վերահսկողությունն ուժեղացնելու համար, գրեթե եռապատկել է այն երկրների ցանկը, որոնցից պահանջվում են նմանատիպ գրավներ։ Այժմ այն ներառում է 38 պետություն, որոնց մեծ մասը գտնվում է Աֆրիկայում, ինչպես նաև մի քանիսը՝ Լատինական Ամերիկայում և Ասիայում։
Գրավի մուծումը պահանջներից միայն մեկն է՝ պարտադիր անհատական հարցազրույցի և բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի ընդլայնված վերլուծության հետ մեկտեղ, գրում է Associated Press-ը։
Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներից այժմ կարող է պահանջվել վիզայի գրավի մուծում.
- Ալժիր
- Անգոլա
- Անտիգուա և Բարբուդա
- Բանգլադեշ
- Բենին
- Բուրունդի
- Կաբո Վերդե
- Կուբա
- Ջիբութի
- Դոմինիկա
- Ֆիջի
- Գաբոն
- Կոտ դ'Իվուար
- Ղրղզստան
- Նեպալ
- Նիգերիա
- Սենեգալ
- Տաջիկստան
- Տոգո
- Տոնգա
- Տուվալու
- Ուգանդա
- Վանուատու
- Վենեսուելա
- Զիմբաբվե
- Բութան
- Բոտսվանա
- Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն
- Գամբիա
- Գվինեա
- Գվինեա-Բիսաու
- Մալավի
- Մավրիտանիա
- Նամիբիա
- Սան Տոմե և Պրինսիպ
- Տանզանիա
- Թուրքմենստան
- Զամբիա
Վիզայի գրավի պահանջների ընդլայնումը վարչակազմի ավելի լայն ներգաղթային ռազմավարության մի մասն է, որն ուղղված է ԱՄՆ մուտքի վերահսկողության խստացմանը: Իրավապաշտպաններն ու քննադատները մատնանշում են, որ նման միջոցները կարող են ամերիկյան վիզաները ֆինանսապես անհասանելի դարձնել շատ մարդկանց համար, հատկապես ցածր եկամուտ ունեցող պետություններից: Այնուամենայնիվ, իշխանությունները պնդում են, որ դա օգնում է կրճատել վիզայի ժամկետի ավարտից հետո անօրինական կեցության դեպքերը և բարձրացնել վիզային նորմերի պահպանման մակարդակը:



