Թրամփի սահմանած մաքսատուրքերը ԱՄՆ բյուջեին բե...

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օտարերկրյա ապրանքների վրա սահմանված լրացուցիչ տուրքերը երկրի բյուջեին բերել են լրացուցիչ 47 միլիարդ դոլարի եկամուտ։ Այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։

2025 թվականի երկրորդ եռամսյակում մաքսային վճարումները կազմել են ռեկորդային 64 միլիարդ դոլար՝ 47 միլիարդ դոլարով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Տնտեսագետները նշում են, որ ԱՄՆ-ի համար առևտրի բարենպաստ իրավիճակը ներկայումս բացատրվում է համաշխարհային տնտեսության մեջ երկրի կենտրոնական դերով։

«Ի տարբերություն 1930-ականների, երբ երկրներն ունեին ավելի հավասարակշռված առևտրային հարաբերություններ, այժմ համաշխարհային տնտեսությունը կառուցված է կենտրոնացված համակարգման մոդելով, որտեղ ԱՄՆ-ը կատարում է կենտրոնի դեր։ Սա տնտեսապես պակաս գրավիչ է դարձնում պատասխան միջոցները [ԱՄՆ-ի կողմից սահմանվող մաքսատուրքերի դիմաց] երկրների մեծամասնության համար, նույնիսկ եթե դա կարող է գրավիչ լինել քաղաքական առումով», - թերթին ասել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի միջազգային տնտեսագիտության պրոֆեսոր Մարթա Բենգոան։

«Աշխարհի երկրները չկարողացան համակարգված պատասխան տալ Թրամփի առևտրային քաղաքականությանը, ինչը նրա վարչակազմին առավելություն տվեց բանակցություններում», - գրում է պարբերականը։ «Այնուամենայնիվ, արդյոք նրանք կկարողանա՞ն միավորել ջանքերը ընդդեմ ԱՄՆ-ի, կախված կլինի նրանից, թե ինչ մաքսատուրքեր կսահմանի Թրամփը օգոստոսի 1-ին, երբ լրանա նոր առևտրային ռեժիմի գործողության մեկնարկի հերթական հետաձգման ժամկետը», - նշում են Financial Times-ի զրուցակիցները։