ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի հետ «պատերազմը դադարեցնելու ջանքերը քննարկելու նպատակով» ժամանել են Ուկրաինա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի գլխավորած թիմը նոյեմբերի 20-ին Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պատրաստել են նոր շրջանակային խաղաղության ծրագիր, որը պահանջում է Ուկրաինայից զգալի զիջումներ, այդ թվում՝ հրաժարում դեռևս վերահսկվող տարածքներից և զինված ուժերի թվաքանակի զգալի կրճատում։
Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Մոսկվան պաշտոնապես չեն հաստատել ծրագրի առկայությունը։
Կիև ժամանած Դրիսկոլի թիմն ամենաբարձրաստիճան զինվորական պատվիրակությունն է, որ ժամանել է Ուկրաինա նախագահի պաշտոնում Թրամփի երկրորդ պաշտոնավարումից ի վեր։ Պատվիրակության կազմում են նաև բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը, Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Քրիս Դոնահյուն և բանակի ավագ սերժանտ Մայքլ Վայմերը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ում գրել է, որ «երկարատև խաղաղության հասնելը կպահանջի, որ երկու կողմերն էլ համաձայնվեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների: Ահա թե ինչու մենք մշակում ենք և կշարունակենք մշակել այս պատերազմը դադարեցնելու հնարավոր գաղափարների ցանկ՝ հիմնվելով այս հակամարտության երկու կողմերի կարծիքների վրա»:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը զգուշացրել է, որ ցանկացած ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների մասնակցությունը, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նշել է, որ «ուկրաինացիները չեն ցանկանում որևէ կապիտուլյացիա»։
Հղում անելով հարցին ծանոթ աղբյուրներին՝ Axios-ը, Financial Times-ը և Reuters-ը հայտնել են, որ ծրագրերը նախատեսում են, որ Կիևը հրաժարվի արևելյան Ուկրաինայի Դոնբասի այն տարածքներից, որոնք դեռևս վերահսկում է, զգալիորեն կրճատի իր զինված ուժերի չափը և կորցնի իր զենքի մեծ մասը։
Զելենսկին բազմիցս բացառել է Ռուսաստանին տարածքային ցանկացած զիջում։



