ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք է սահմանել ևս յոթ պետությունների քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Արգելքը սահմանվել է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների համար։ Հրամանագիրը նաև նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք և սահմանափակումներ «այն անձանց համար, ովքեր ճանապարհորդում են Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով»։ Մուտքի լիակատար արգելք է սահմանվել նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար, որոնց նկատմամբ նախկինում գործում էին մասնակի սահմանափակումներ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թրամփն ուժի մեջ է թողել ԱՄՆ մուտքի արգելքն Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար։
Բացի այդ, mուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվում Անգոլայի, Անտիգուա և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ'Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիների համար։
Սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի նկատմամբ, այժմ Միացյալ Նահանգներն այդ երկրի քաղաքացիների համար մուտքը թույլատրում է ոչ ներգաղթային այցագրերով։



